«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր Ասողիկ
«Շատ-շատ ուրախ եմ, որ Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2010 թ. Մայր Աթոռի Թանգարաններում սկսված վերականգնման եւ կոնսերվացման գործընթացը հասավ այս հանգրվանին. Սուրբ Էջմիածնի Թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը, որի վերականգնողները, համագործակցությամբ Հայաստանյան թանգարանների մասնագետների եւ արտերկրից հրավիրյալ վերականգնողերի հետ, աշխատանք եւ ջանք պետք է ներդնեն վերականգնելու եւ հարություն պարգեւելու մերազնյա հոգեւոր մշակույթի բացառիկ գանձերին, որոնք ունեն դարերի պատմություն եւ մասնավոր հոգածությամբ պահվում են Մայր Աթոռում։
Այս առիթով մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, մեզ աջակից թանգարաններին ու վերականգնողներին, մեզ օժանդակած կազմակերպություններին ու անհատներին։ Մեր սրտաբուխ շնորհակալությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը եւ ճապոնացի բարեկամներին։