Կարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիա Կարապետյանը և պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել են Արգենտինայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերն ամուր են և ընդգծել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։
Սենատոր Էդուարդո Ալեխանդրո Վիսչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Ազգային ժողովի արդյունավետ գործունեությունը՝ ուղղված երկրի զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը։
Պատվիրակության անդամներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը մի շարք առանցքային ոլորտներում, ինչպես նաև արժևորել միջազգային կառույցներում և բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ փոխայցելությունների ակտիվացումը և միջխորհրդարանական երկխոսության շարունակականության ապահովումը։
Սարգիս Խանդանյանը հյուրերին է ներկայացրել տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մարիա Կարապետյանը և Տաթևիկ Գասպարյանը, ընդգծելով երկու երկրների միջև առկա պատմական, մշակութային և քաղաքակրթական խորը կապերը, նշել են, որ Արգենտինայի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն յուրահատուկ նշանակություն։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ քաղաքական երկխոսությունն ու ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ոլորտներում։