Մենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. Հաջիև
Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանն ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն «մտահոգված է հայ հասարակության մեջ առկա որոշակի միտումներով, մասնավորապես՝ զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությամբ»։
«Մեկ այլ մտահոգիչ գործոն է այն, որ հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները։ Սա կարևոր կետ է։ Հետևաբար, մենք նաև կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ», - ասել է նա։
Ըստ նրա, Ադրբեջանը ռազմավարական հանձնառություն ունի շարունակելու խաղաղության օրակարգը, այն գործնականում ամրապնդելու և խաղաղության ճարտարապետություն կառուցելու, որը կարող է ապահովել երկարատև խաղաղություն և կայունություն հայ և ադրբեջանական ժողովուրդների համար։
«Ահա թե ինչու մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել փոփոխություններ Հայաստանի Սահմանադրությունում։ Սա, իհարկե, ներքին հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այս գործընթացին միջամտելուց», - ասել է նա։