Ադրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազություն
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին Նասիմի Մուսաևը բացակայել է ծառայության վայրից, և նրա գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել։ Նշվում է, որ նա ծառայելիս է եղել օկուպացված Արցախի Բերձորի շրջանի զորամասերից մեկում:
Դրանից հետո սկսվել է նրա որոնումը, որի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։
Միաժամանակ, Ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Հետաքննության արդյունքում բավարար հիմքեր են ձեռք բերվել ենթադրելու, որ Նասիմի Մուսաևն առանց թույլտվության լքել է զորամասը։
Հետաքննության ընթացքում հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Ռազմական դատախազության քննչական վարչությունը Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական գործ է հարուցել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այնտեղի համապատասխան մարմինների կողմից։
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ներկայում Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները կապ են պահպանում հայկական կողմի համապատասխան կառույցների հետ՝ պարզելու Նասիմի Մուսաևի՝ Հայաստանում գտնվելու և ձերբակալվելու հանգամանքները, այդ թվում՝ այնտեղ գտնվելու և ձերբակալվելու պատճառները, ինչպես նաև միջադեպի այլ հանգամանքները։