Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետական նախարար Վերնոն Քոաքերը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի հետ։
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը հայտնել է, որ Քոաքերի և Հասանովի հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը և երկկողմ կապերի հետագա ընդլայնման հնարավորությունները։
«Ավելի ու ավելի բարդացող աշխարհում հուսալի գործընկերությունն առավել կարևոր է, քան երբևէ», — նշել է բրիտանացի դիվանագետը։
Վուգար Մուստաֆաևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական արդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև այս ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։
«Տեխնոլոգիաները փոխում են զինված ուժերի գործունեության և սպառնալիքներին արձագանքելու եղանակները», — ընդգծել է Նորմանը։