Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը զարգանում է չորս հիմնական ուղղությամբ։
Այս մասին Բաքվում անցկացվող CAMCA 2026 տարածաշրջանային համաժողովում հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, հայտնում է APA-ն։
Նրա խոսքով՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը էապես փոխվել է, իսկ Բաքվի և Երևանի միջև գործընթացը շարունակվում է։
«Մենք ունենք չորս ուղղություն։ Առաջինը՝ խաղաղության պայմանագիրն է, երկրորդը՝ սահմանազատումը, երրորդը՝ տրանսպորտային կապերը, չորրորդը՝ քաղաքացիական հասարակությունների միջև շփումները», — հայտարարել է Շաֆիևը։
Նա նշել է, որ վերջին շրջանում գործընթացում որոշակի բարդություններ են առաջացել, այդ թվում՝ մշակութային ժառանգության հարցերի հետ կապված։ Միևնույն ժամանակ, Շաֆիևի գնահատմամբ, ընդհանուր առմամբ պահպանվում է դրական դինամիկան։
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավարը նաև ընդգծել է Վրաստանի դերը՝ հայտարարելով, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն անհնար է առանց նրա մասնակցության։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար կարևոր է ձևավորել քաղաքական և տնտեսական համագործակցության միասնական հարթակ։