ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերը
ԱՄՆ-ը չի ծրագրում Եվրոպայից մինչև 40 հազար զինծառայող դուրս բերել, հայտարարել է ՆԱՏՕ-ում երկրի դեսպան Մեթյու Ուիթաքերը՝ հերքելով ավելի վաղ հայտնված հաղորդագրությունները մայրցամաքում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր լայնածավալ կրճատման մասին։
«Այդ հաղորդագրությունները սխալ են»,- ասել է Ուիթաքերը չորեքշաբթի Բրյուսելում անցկացված Euronews-ի պաշտպանական համաժողովում։
Միևնույն ժամանակ դեսպանը շեշտել է, որ Եվրոպայում ամերիկյան ուժերի կառուցվածքի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ «Պաշտպանության նախարարի ապարատի աշխատակիցները դեռ վերջնականապես չեն էլ ձևակերպել քաղաքական ծրագիրը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով գործող և նախկին ամերիկացի ու արևմտյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Պենտագոնը քննարկում է Եվրոպայում ամերիկյան զորախմբի կրճատման տարբերակներ՝ մոտ 25 հազար զինծառայողով կամ ավելի։ Քննարկվող սցենարներից մեկը նախատեսում էր մինչև 40 հազար մարդու դուրսբերում։ Ներկայում Եվրոպայում մոտ 80 հազար ամերիկացի զինծառայողներ կան։
Վաշինգտոնն իսկապես իրականացնում է Եվրոպայում իր ռազմական ներկայության պաշտոնական վերանայում։ Այդ աշխատանքի շրջանակում գնահատվում է ոչ միայն զինծառայողների թվաքանակը, այլև ամերիկյան ռազմական բազաների օգտագործումը, ինչպես նաև տարբեր տեսակի սպառազինության ու ստորաբաժանումների տեղակայումը։
«Մենք կշարունակենք մասնակցել Եվրոպայի գործերին»,- հայտարարել է Ուիթաքերը։
Ըստ նրա՝ ընթացիկ վերանայումը նաև ամերիկյան ուժերի գլոբալ տեղակայման տեխնիկական վերլուծություն է։
«Մենք պարզապես իրականացնում ենք մի տեսակ մաթեմատիկական, մեխանիկական վերլուծություն, թե ինչպես ենք տեղակայված ամբողջ աշխարհում, որովհետև պետք է արձագանքենք գլոբալ մարտահրավերներին», — ասել է դեսպանը։
Վաշինգտոնն ավելի վաղ քննադատել էր եվրոպացի դաշնակիցներին Իրանի հետ պատերազմի ընթացքում Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ օբյեկտների ամերիկացի զինվորականների կողմից օգտագործման սահմանափակումների համար։ Այդ տարաձայնությունները նույնպես հաշվի են առնվում մայրցամաքում ամերիկյան ռազմական ներկայության ապագայի շուրջ քննարկումներում։
ԱՄՆ-ն արդեն սկսել է Եվրոպայում իր ուժերի թվաքանակի փոփոխությունը։ Մայիսին Վաշինգտոնը հայտարարեց Գերմանիայից մոտ 5 հազար զինծառայողի դուրսբերման մասին։