Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով, նախնական կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում (Վրաստանում խափանման միջոց է, որը կիրառվում է քրեական դատավարության ընթացքում մինչև դատարանի կողմից վերջնական դատավճռի կայացումը – խմբ.): Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա փաստաբան Թեոնա Պերաձեն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Նախնական տվյալներով ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր գտնվում որպես զբոսաշրջիկ։
Պերաձեն պարզաբանել է, որ տղամարդը Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։
«Նրան մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը: Դատավարության ենք սպասում, որի նիստը նշանակված է նոյեմբերին», – ասել է փաստաբանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել գույքին վնաս հասցնելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված)։ Եթե դատարանն ապացուցի Ի.Ա.-ի մեղավորությունը, նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
Պերաձեն նշել է, որ պաշտպանությունը միջնորդել է խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ, և որպես այլընտրանք առաջարկել է նշանակել 5000 լարիի (մոտավորապես 1900 դոլար) չափով գրավ, անձնագրի առգրավում` մինչև կայացվի վերջնական որոշումը, և Վրաստանը լքելու արգելք: Սակայն խնդրանքը չի բավարարվել։
Փաստաբանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալն օգտվում է լռելու իրավունքից և հետաքննությանը ցուցմունք չի տալիս։
Պերաձեի խոսքով՝ գործի նյութերում տեսախցիկների տեսագրություններ կան։
Պաշտպանը պնդում է, որ տեսանյութում երևում է մի տղամարդ, որը բարձրանում է հուշարձանի վրա և վնասում այն։
Փաստաբանը նաև հայտնել է, որ անմիջապես ձերբակալությունից հետո քննիչն այդ մասին տեղեկացրել է ՀՀ դեսպանատանը։ Սակայն դիվանագիտական առաքելությունից հարցում փաստաբանը դեռ չի ստացել։ Պերաձեն անձամբ է գտել Հայաստանում ձերբակալվածի ընտանիքի տվյալները և կապ հաստատել նրանց հետ ձերբակալման օրը։
«Ընտանիքը գտնվում է Հայաստանում, Վրաստանում նա ոչ ոք չունի», – ասել է փաստաբանը։
Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ միայն այն իրերն են, որոնք կային իր հետ։
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՄԱՆ–ը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի ԱԳՆ–ն տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանատանը ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին։ Սահմանված կարգի համաձայն` Հայաստանի դեսպանատունը կապ է պահպանում Վրաստանի իրավասու մարմինների հետ։
Նախարարությունը հորդորել է ԶԼՄ–ների գործընկերներին նման դեպքերում զերծ մնալ գործի հանգամանքների վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։