Սպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն Մնացականյան
«Այս օրենքը պետք է ամբողջությամբ չեղարկվի, բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Ըստ նրա, ինչպես բացատրում են՝ այս օրենքի ընդունումը կկանխի հեռախոսների գողությունը, այսպես թե այնպես գողացած հեռախոսների IMEI-ով նույնիսկ ոստիկանները չեն կարողացել գտնել հեռախոսը. «Ոստիկանությանը գեոլոկացիայով ցույց են տալիս՝ որտեղ է գողացված հեռախոսը, ոչինչ չարվեց»։
«Եթե ոստիկանությունից տվյալներ ուզեք, կտեսնեք տխուր պատկեր՝ ոչ մի գողացված հեռախոս չեն հայտնաբերում։ Կարող են բացառություններ լինել։ Այս օրենքի ընդունվի էլ, չի աշխատելու, այս պարագայում էլ ոստիկանությունը չի հայտնաբերելու։
3000 դրամի չափով լրացուցիչ բեռ է լինելու սպառողների վրա. սպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի։ Լոգիկա չկա»։