Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան Աբրահամյան
«Մենք ունենք ՊԵԿ՝ հարկային ու մաքսային ծառայություններ, որոնք, ըստ պետության, բավական լավ են աշխատում։ Օրինակի համար, 2025 թվականին պլանով 5.3 միլիարդ պարգևավճար պետք է ստանային, ստացել են 6.6 միլիարդ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Նա նշեց, որ նախատեսված շատ պարգևավճար ստանալը նշանակում է, որ, ըստ պետության, ՊԵԿ-ը շատ-շատ լավ է աշխատել, պարգևավճարի ֆոնդը 20-30 տոկոսվ ավելացել է։
«Հարց է առաջանում՝ եթե ՊԵԿ-ը լավ է աշխատում, ինչո՞ւ ենք մենք քաղաքացիներին փորձում սահմանափակել, կամ ստեղծել օպերատորներից վեր գտնվող մի կառույց, որը անձնական տվյալներ է հավաքագրելու, փաստացի որոշակի անվտանգային ֆունկցիաներ է իրականացնելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև ընդգծեց, որ անձնական տվյալների հավաքագրման մասով բազմաթիվ ռիսկեր կան, IMEI կոդ ունենալը հնարավորություն է ընձեռում նույնականացնել քաղաքացիներին, վերահսկել տեղաշարժը։
«Անվտանագային, ֆիսկալ առումով որևէ տրամաբանություն չենք տեսնում, բացի նրանից, որ այս օրենքը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները, որը պոտենցիալ հնարավորություն է ընձեռում այդ տվյալներն ընդդեմ տվյալ քաղաքացու իրավունքների և ազատությունների օգտագործել»,- ասաց Տ.Աբրահամյանը։