Մոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթել
Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի տարածքում պայթել է Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու թռչող սարք։
Անօդաչու թռչող սարքն ընկել և պայթել է Մոլդովայի Նովոանենսկի շրջանի Խըրբովեց գյուղի մոտ գտնվող բաց տարածքում։ Գյուղը գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզի հետ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա։
Մոլդովական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքը երկնքում հայտնաբերվել է առավոտյան ժամը 5։40-ի սահմաններում, որից հետո այն ընկել է Խըրբովեց գյուղից դուրս։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ներկայում տարածքը շրջափակված է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներն ու փորձագետները՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։