Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին թիրախավորող հայտարարություններ արեց ու սպառնալիքներ հնչեցրեց, ապա քրեական գործ հարուցվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ, եւ ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց նա կալանավորվեց ու արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Հետո տեռոր սկսվեց նրա բիզնեսների նկատմամբ։ Փակվեցին եւ կապարակնքվեցին Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ, հապճեպ որոշումներով պետական կառավարման հանձնվեցին «Արարատցեմենտը», Երեւանի գինու, կոնյակի, օղու գործարանը, իսկ «Մուլտի Վելնեսի» գույքային իրավունքները դադարեցվեցին, եւ այն անցավ Երեւան համայնքի ենթակայությանը։ Սկսվեց Ծառուկյանի ունեցվածքը խլելու գործընթաց, եւ անգամ նրան պատկանող վայրի կենդանիներն առգրավվեցին եւ տեղափոխվեցին կենդանաբանական այգի, թանկարժեք առյուծներից մեկն էլ քնեցումից հետո չարթնացավ։
Հանրությունն այս ամբողջ գործընթացը գնահատեց որպես քաղաքական հետապնդում եւ Նիկոլ Փաշինյանի հրահանգների կատարում։
Այդ գործընթացին զուգահեռ, քրեական գործերի շրջանակը սկսեցին ընդլայնել՝ մեղադրանքներ առաջադրելով եւ կալանավորելով նաեւ Ծառուկյանի բիզնեսների ղեկավարներին, այլ պատասխանատուների։ Առաջիններից մեկը «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն էր, ապա՝ «Մուլտի գրուպի» ու «Մուլտի տրանսպորտի» տնօրեն Արթուր Դալլաքյանը։ Նրանք ձերբակալվեցին օգոստոսի 5-ին, իսկ հաջորդ օրը դատարանը երկուսի նկատմամբ էլ երկու ամսով կալանք կիրառեց։ Ըստ մեղադրանքի՝ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախության ու փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով։ Մեղադրանքի հիմքում, ըստ Քննչական կոմիտեի, 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամին համարժեք՝ ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների ենթադրյալ հափշտակություն ու փողերի լվացում է դրված։
Արթուր Դալլաքյանի դեմ նաեւ «Մուլտի տրանսպորտի» հետ կապված մեղադրանք կա՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասին։ Սկզբում նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Օգոստոսի 4-ին նույն վարույթի շրջանակում կալանավորվեց «Մուլտի տրանսպորտի» իրական շահառու Հայկ Գալստյանը, իսկ օգոստոսի 6-ին Դալլաքյանն էլ 2 ամսով կալանավորվեց՝ «Մուլտի գրուպի» գործի շրջանակում։
Քրեական հետապնդման է ենթարկվում նաեւ «Առինջ մոլի» ղեկավարությունը։ Ընկերության նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ կալանք էր կիրառվել առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործով։ Սեպտեմբերի 24-ին կալանավորվեց «Առինջ մոլի» գործող տնօրեն Ալիկ Նազարյանը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա կալանավորումը կապված է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետ։
Մեկ այլ վարույթով քննում են «Արարատցեմենտի» գործը։ Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 15-ի որոշմամբ բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետությանը։ Դատախազությունը դա հիմնավորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով, որի շրջանակում պահանջվում է Ծառուկյանից բռնագանձել նաեւ «Արարատցեմենտը»։ Այսինքն՝ չեն սպասել, որ դատարանը վերջնական որոշում կայացնի՝ գործում առկա ապացույցների քննության հիման վրա, հապճեպ կարգով՝ միջանկյալ որոշում են կայացրել՝ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով պետությանը, որի ներկայացուցիչը վարչապետի նախկին օգնական Դավիթ Գեւորգյանն է։ Ի դեպ, նա Արագածոտնի մարզպետ է աշխատել մոտ 3 տարի, բայց նրա մասին մարզում լավ հիշողություններ չեն մնացել։ Գեւորգյանին նշանակեցին այն օրերին, երբ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին անում եւ խոսում էին, որ գործարանի փակվելը լուրջ վնաս է հասցնելու շինարարության ոլորտին, սկսել էին բարձրանալ ցեմենտի գները, դեֆիցիտ էր առաջացել։ Իշխանությունն արագ վերաբացեց «Արարատցեմենտը», որ բողոքի ալիքը չտարածվի։ Գործարանի աշխատանքը վերականգնվեց, բայց խնդիրները չվերացան։ Շուկայում ցեմենտի գինը բարձրացել է։ «Արարատցեմենտի» աշխատակիցները մեզ պատմել էին, որ նոր ղեկավարությունն իրենց խոստացել է աշխատավարձերը բարձրացնել, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել։
«Մուլտի Վելնեսի» դեպքում եւս գործընթացը հասել է դատարան։ Ընկերությունը վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի եւ Կադաստրի կոմիտեի որոշումները, որոնց հետեւանքով Ալեք Մանուկյան 11 հասցեի գույքային իրավունքները դադարեցվել են, իսկ գույքը փոխանցվել է Երեւանի համայնքապետարանին։ «Մուլտի Վելնեսը» դատարանում պահանջում է այդ որոշումներն անվավեր ճանաչել։ Բայց այստեղ գործի է դրվել դատական պրոցեսը ձգձգելու մեթոդը․ դատական առաջին նիստը նշանակված է 2027 թվականի փետրվարին։
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի եւ նրա շրջապատի նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հաշվեհարդարը շարունակվում է։ Այս պահին կալանավորված են, բացի Ծառուկյանից, նաեւ «Մուլտի գրուպի» նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, «Մուլտի գրուպի» եւ «Մուլտի տրանսպորտի» տնօրեն Արթուր Դալլաքյանը, «Մուլտի տրանսպորտի» իրական շահառու Հայկ Գալստյանը, «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը։ Ծառուկյանի փաստաբանները տասնյակ հայցեր են տարել դատարան՝ քաղհայցի հիմունքներով, որտեղ կան ե՛ւ գույքի ապօրինի բռնագրավման, ե՛ւ զրպարտության ու պատճառված վնասի փոխհատուցման պահանջներ։