Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայրում տեղի կունենա Ալեն Սիմոնյանն ընդդեմ Սամվել Սամվելի Աշոտյանի դատական նիստը։ Այս մասին տեղեկացվում է տարածված հաղորդագրությունում, որտեղ մասնավորապես նշված է.
«Այս գործի նշանակությունը, մեր համոզմամբ, վաղուց դուրս է եկել երկու անձանց միջև սովորական քաղաքացիաիրավական վեճի շրջանակից և առնչվում է Հայաստանում խոսքի ազատության, քաղաքական քննադատության սահմանների և հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի՝ SLAPP-ների խնդրին։
Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջում է Սամվել Աշոտյանին հրապարակայնորեն հերքել 2025 թ. հոկտեմբերի 11-ին Facebook-ում հրապարակված «Կազինոները՝ բարձր հովանու ներքո» տեսանյութում հնչեցված տեղեկությունները, ինչպես նաև վճարել 1 մլն դրամ փոխհատուցում և 410 հազար դրամ դատական ծախս։
Այս գործը մեկուսացված իրադարձություն չէ։ Վերջին շրջանում բարձրաստիճան պետական և քաղաքական գործիչների կողմից քննադատների, քաղաքական գործիչների, ակտիվիստների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի ու զրպարտության հիմքով մի շարք քաղաքացիական հայցեր են ներկայացվել։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆյա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հերքում, ներողություն և դրամական փոխհատուցում։ Ալեն Սիմոնյանի կողմից ևս հրապարակայնորեն հայտնի են Սամվել Աշոտյանից բացի այլ անձանց ու լրատվականների դեմ ներկայացված 40-ից ավելի հայցեր։
Այս ֆոնին Հայաստանում արդեն մասնագիտական մակարդակով քննարկվում է SLAPP-ի՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի խնդիրը։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը նշել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց և քաղաքական գործիչների կողմից լրագրողների ու իրավապաշտպանների դեմ զրպարտության հիմքով դատական հայցերի առատությունը կարող է վնասել հանրային շահի պաշտպանությանն ուղղված նրանց գործունեությանը։ 2026 թ. հուլիսին Երևանում առանձին մասնագիտական քննարկում է անցկացվել հենց «SLAPP հայցերը Հայաստանում. որտե՞ղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը» թեմայով։
Գործի նկատմամբ լրացուցիչ հանրային հետաքրքրություն են առաջացնում նաև Ալեն Սիմոնյանի և նախկին ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև հրապարակային հակասությունների ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքներն ու հայտարարությունները։ Հայկ Սարգսյանը հրապարակայնորեն մանրամասներ է ներկայացրել Ալեն Սիմոնյանի հետ իր հակամարտության և խաղամոլության ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների շուրջ տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։ Այդ հայտարարությունների և Սամվել Աշոտյանի հրապարակման առարկայի միջև հնարավոր առնչությունները, դրանց ապացուցողական նշանակությունը կամ բացակայությունը, բնականաբար, պետք է գնահատվեն դատարանի կողմից։
Միաժամանակ Հայաստանում շարունակվում է դատական իշխանության անկախության շուրջ քաղաքական և հասարակական բանավեճը։ 2026 թ. օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը Ազգային ժողովում խիստ քննադատության ենթարկեց գործող դատական համակարգը՝ այն բնութագրելով որպես «կաստայացված» և հիմնականում նախկին վերնախավերի շահերն ու հետաքրքրությունները պաշտպանող համակարգ։ Այս պայմաններում քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի և քաղաքացու միջև խոսքի ազատությանը վերաբերող դատական վեճի թափանցիկ և հանրային քննությունը հատկապես կարևոր է։
Դատարանի անկախությունը պետք է ապահովվի իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմներով, սակայն հանրային նշանակություն ունեցող դատավարությունների նկատմամբ լրատվամիջոցների պատշաճ ուշադրությունը ևս կարևոր երաշխիք է՝ գործընթացը հնարավորինս թափանցիկ դարձնելու համար։
Այս գործը միայն Սամվել Աշոտյանի մասին չէ։ Սա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ակտիվ քաղաքացու նկատմամբ SLAPP հայցի միջոցով ճնշման փորձ է։
Այն նաև հարց է այն մասին, թե որտեղ է Հայաստանում անցնում սահմանը պաշտոնյայի հեղինակության պաշտպանության իրավունքի և իշխանություն ունեցող անձանց նկատմամբ ազատ քաղաքական ու հանրային քննադատության միջև»։