Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա Ղազարյան
Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։
«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ չենք ստացել։ Բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր է, 5-6 տոկոս` ըստ վիճակագրության։ Առավել կարևոր է, թե ինչ հիմքով է Ադրբեջանը բողոքարկել վճիռը։ Փաստերի ուժով չի կարող բողոքարկել։ Մեծ Պալատ կարելի է բողոք ներկայացնել միայն իրավունքի հարցի մասով՝ եթե բողոքում բարձրացվում է հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի որևէ հոդվածի մեկնաբանությանը, կամ այնպիսի հարց, որն ընդհանուր (համաեվրոպական) նշանակություն ունի։ Այդ առումով առավել հնարավոր է, որ Ադրբեջանը բողոքարկելու է արտատարածքային իրավազորության տեսական հիմքը, որը ՄԻԵԴ-ը կիրառել է սույն գործով։
Դեպքերը տեղի են ունեցել Թալիշ գյուղի հայկական դիրքերի թիկունքում, որը մեծամասամբ գտնվում էր Արցախի զինված ուժերի հսկողության տակ։ Սակայն ադրբեջանական դիվերսիոն խումբը ժամանակավոր ներթափանցել էր թիկունք ու այնտեղ իրականացրել ռազմական հանցագործություններ։ ՄԻԵԴ-ը չի կիրառել «պատերազմի ակտիվ փուլ» սկզբունքը, որի դեպքում դիմումը կմերժեր (պատերազմի ակտիվ փուլում, երբ հակամարտության կողմերը ակտիվ ռազմական գործողությունների մեջ են, գրեթե ամբողջությամբ գործում է հունանիտար իրավունքը, ՄԻԵԿ-ը կիրառելի չէ):
Այս սկբունքը հիմնականում գործում է հեռահար ռմբակոծությունների դեպքում։ ՄԻԵԴ-ը փոխարենը կիրառել է անհատական մոտեցմանը սկզբունքը, ըստ որի զինված ուժերի կողմից տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայության պայմաններում հակառակորդի առանձին ստորաբաժանումների կամ զինվորների անհատական գործողությունները թիկունքում նույնպես կարող են վերագրվել հակառակորդի զինված ուժերին՝ այդ ամենը գնահատելով որոշակի հավանականությամբ (element of proximity):
Կարծում եմ հենց սա կբողոքարկվի Ադրբեջանի կողմից, քանի որ հավանականության (կամ մոտիկության) այս դոկտրինը զարգացող սկզբունք է, և դրա չարաշահումը ստեղծում է գորշ գոտիներ միջազգային իրավունքում, որից օգտվում են հակամարտող կողմերը, որից նաև Ադրբեջանը լայնորեն օգտվեց 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններում»։
Հիշեցնենք՝ այս տարվա հունիսին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից գլխատված հայ զինվոր Հ.Թ.-ի և այլք ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։
Գործը վերաբերում է հայ ընտանիքի այն պնդմանը, որ իրենց որդուն և եղբորը՝ զինվոր Հ.Թ.-ին, խոշտանգումների և գլխատման են ենթարկել 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ՝ այն տարածքների շուրջ, որոնք այդ ժամանակ կազմում էին չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» («ԼՂՀ»): Չորս օր անց՝ 2016 թվականի ապրիլի 5-ին, կնքվել է հրադադար, և հակամարտության երկու կողմերից զոհված զինվորների մարմինները հայտնաբերվել են. որոշները, ըստ տեղեկությունների, վերադարձվել են խեղված՝ բացակայող գլուխներով, ձեռքերով և ականջի բլթակներով: