Միջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուին
Միջազգային հեղինակավոր գործիչներն ու կազմակերպություններն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանին
Ընդամենը երկու օր է անցել այն հայտարարությունից, որ հայտնի հայ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում, իսկ նրա թեկնածությունն արդեն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության մի շարք հեղինակավոր ներկայացուցիչների կողմից։
Թամամյանին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային առողջապահության, ուռուցքաբանության և գիտության ոլորտների ճանաչված առաջնորդներ, ինչպես նաև միջազգային մասնագիտական կազմակերպություններ։
Նրանց թվում է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը՝ համաշխարհային առողջապահության և քաղցկեղի դեմ պայքարի հայտնի ջատագով, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նախկին նախագահը։
Հայ բժշկի թեկնածությանն իր լիակատար աջակցությունն է հայտնել նաև աշխարհահռչակ հարավաֆրիկյան-ամերիկացի վիրաբույժ, գիտնական, գյուտարար, գործարար և բարերար դոկտոր Պատրիկ Սուն-Շոնգ՝ Los Angeles Times-ի սեփականատերն ու գործադիր նախագահը։
Իր հրապարակային ուղերձում Սուն-Շոնգը հատկապես ընդգծել է Թամամյանի նվիրվածությունը առողջապահական ծառայություններով անբավարար ապահովված համայնքներին և քաղցկեղի՝ որպես գլոբալ առողջապահական մարտահրավերի վերաբերյալ նրա խորքային ընկալումը՝ հայտարարելով. «Դուք ունեք իմ 100 տոկոսանոց աջակցությունը»։
Աջակցության ուղերձներ են ստացվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցներից, այդ թվում՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերությունից (SIOP), Աֆրիկյան քաղցկեղի կազմակերպությունից (AORTIC) և այլն:
Վերջին օրերին աջակցության ուղերձներով հանդես են եկել նաև տարբեր երկրներ ներկայացնող հարյուրավոր բժիշկներ, գիտնականներ, առողջապահական առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է 2027 թվականին: