Լավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը
Ռուսաստանը պնդում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև ապագայում նման միջադեպերի կանխման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Լավրովը հայտարարել է, որ այս տարվա սկզբին ԱՄՆ-ը Վենեսուելայում իրականացրել է ռազմական գործողություն, որն ավարտվել է Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությամբ ու նրանց արտահանձնմամբ։
«Այս տարվա սկզբին, խախտելով բոլոր նորմերը, այդ թվում՝ բարոյականության նորմերը, Միացյալ Նահանգների ներխուժումը Վենեսուելա ավարտվեց նախագահ Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությամբ, ինչպես նաև առանց դատավարության ամերիկյան բանտում նրանց պահելով», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Պնդում ենք, որ վենեսուելացի առաջնորդը և նրա կինը շուտափույթ ազատ արձակվեն, ինչպես նաև ապագայում նման էքսցեսներ չկրկնվեն», — ավելացրել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը, իր խոսքով, ուղղակիորեն նախատեսում է պետության բարձրագույն պաշտոնատար անձանց իմունիտետի և անձեռնմխելիության պահպանումը։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին և ձերբակալել Մադուրոյին ու Ֆլորեսին, որից հետո նրանց դուրս է բերել երկրից։ Հունվարի 5-ին նրանք ներկայացել են Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջև։ Ամերիկյան իշխանությունները նրանց մեղադրանքներ են առաջադրել՝ կապված թմրամիջոցների հետ։ Մադուրոն և նրա կինը մեղքը չեն ընդունել։
Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայում պետության ղեկավարի գործառույթները կատարում է Դելսի Ռոդրիգեսը, որը նախկինում զբաղեցնում էր երկրի գործադիր փոխնախագահի պաշտոնը։