Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի
ՆԱխկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս տեքստը չէի գրի, եթե մարդկային դառնությունն այսքան խորքային չլիներ։
Սերժը ճիշտ խոսքն է ասել՝ «Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի»։
Այսօր ես ցիտում եմ էս խոսքերը, բայց այլ մտքով. այո՛, Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ, երբ պաթոս է կոչում ամեն նվիրում, երբ արժեզրկում է ու անցնում առաջ, երբ վախեցնում է, երբ քաղաքացուն ամպատվում է և հասնում արդյունքի…
Այո՛, նա ճիշտ է…
Այո՛, ես ընդունում եմ իմ սխալը, որ դեռ շարունակում եմ հավատալ, որ չէ՛, կան արժեքներ կրող շատ մարդիկ։ Բայց հենց մոտենում ես դռներին, ապա կամ դռան հետևում մարդ չկա, կամ դուռը կիսաբաց են անում ու ներողություն խնդրում, թե հարմար չի, կամ առաջարկում օգնություն այնպես, որ ստիպված դու հրաժարվես, ու դու լինես որոշողը, որ չօգտվեցիր քեզ ընձեռնված «լավագույն» հնարավորությունից, կամ, կամ, կամ… Դեպքերը շատ են, դրվագներն՝ ավելի ու անտանելի։
Հիմա գամ բուն հարցին։
Արդեն երկու ամիս է, ինչ բոլորս իմացել ենք, որ երկրի վարչապետը՝ հատուկ եմ նշում պաշտոնը, որը զբաղեցրել է, որ մի հատ էլ կարդաք ու հասկանաք, թե ինչպես կարելի է նսեմացնել այդ կարևորագույն պաշտոնը, դատի է տվել ինձ և Էդմոն Մարուքյանին՝ ԱԺ ընտրությունների օրը տրված ինտերվյուների համար։
Նախ ասեմ, որ էս ամբողջ ընթացքում ուսումնասիրել եմ միայն ՖԲ հարթակը։ 5000-ից ավելի կոշտ և հայհոյանքներ պարունակող հրապարակումներ կան այդ մասին, նաև ճանաչված մարդկանց կողմից, բայց դա Նիկոլին չի հուզել և միայն մեզ է դատի տվել, և դա արել է հատուկ նպատակով։
Ո՞րն է հատուկ նպատակը իմ դեպքում՝ ճնշել ազատ խոսքը, վախեցնել մարդկանց ազատ արտահայտվելուց, կաշկանդել հրապարակային քննադատությունները, վախեցնել սեփական գրպանի համար և այլն…
Շարքը կարող եմ թվարկել օրերով։
Նա հասավ… Ընտրությունների փաստացի խախտումները ավելի նորմալ դիտարկեցին փաստաբանները, քան այդ մասին իմ գնահատականները։
Արդեն երկու ամիս տարբեր փաստաբանների հետ եմ զրուցել, բացի ինձանից՝ նաև մի քանի ընկերներ են իրենց շրջապատի հետ խոսել, բայց ի՞նչ ունենք… (նշեմ, որ մի քանիսն առաջարկել են օգնություն միայն հեռավար, այսինքն իրենք գրեն տան, բայց դատական պրոցեսներին մասնակից չլինեն և ես մենակ ներկայանամ դատարան, բայց սա էդ դեպքը չի, որ կարելի լինի համաձայնվել, թեև շնորհակալ եմ):
Ունենք այն, որ այսօր մեր փաստաբանները, որոնք իրենց հռչակել են «անկախ ինստիտուտ», որ չունեն կաշկանդվածություն որևէ մեկից և, մեղմ ասած, քերթում են նիկոլահայաստանում յուրաքանչյուր քաղաքացու վերջին կաշին, կաշկանդված են Նիկոլի դատով և դա գնահատում են այսպես.
— Տիկին Հովսեփյան, հասկանում եք, չէ՞, որ դիմացը Նիկոլ Փաշինյանն է, և դատավորը կաշկանդված է, ու դուք հաստատ դատը կրվելու եք։ Բայց այնուամենայնիվ, եթե տրամադրենք փաստաբան, ապա արժեքը կսկսվի… Ու ես հասցնում եմ լսել միայն վեց զրոյից առաջ գտնվող թիվը՝ 1, 2, 3… ու դա նախնական առաջին ատյանից, հետո, դե, ամեն մեկը իր գինն ունի…
— Տիկին Հովսեփյան ջան, շատ կուզեմ օգնել, բայց շատ եմ ծանրաբեռնված։
— Սոֆ ջան, ես էդ ոլորտից չեմ ու չեմ կարողանա, դե, բայց հասկանում ես, չէ՞, որ… էլի վերևի երգը։
— Սոֆյա ջան, կփորձեմ գտնել մարդկանց, ու արդեն երկու ամիս է՝ էդ մարդիկ ճամփին են։
Չհաշված հեռախոսներին չպատասխանելը՝ ընդ որում խոստանում են կապ հաստատել, և ուփս` չկան։
Ընդդիմության մասին էլ չխոսեմ…
Մենակ կասեմ՝ տիկնայք և պարոնայք, որքան էլ պուպուշ կոստյում հագած ամբիոնների մոտ ելույթ ունենաք, ցավալիորեն դուք այսօր նաև իմ հարկերից եք օգտվում և, ցավոք, նիկոլական օրակարգ եք տանում՝ նաև կաշկանդված լինելով իր դեմ դատական պրոցեսներում ձեր լուման ունենալու…
Ձեզ պետք էր միայն մանդատ, էն լոլոները էլ մի երգեք։
Հիմա գամ նորից փաստաբաններին։
Հարգելի փաստաբաններ, եթե դուք էդքան անվստահ եք ձեր գիտելիքների ու կարողությունների վրա, էդ ո՞ր խորխորատներից եք էդ միլիոնանոց թվերը հանում ու դնում մարդկանց առաջ։ Այսինքն՝ ի՞նչ եք ակնկալում, որ պետք է ձեզ միլիոններ տան, բայց չունենան մի կտոր երաշխիք պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկոլն է՞։ Կամ ի՞նչ ասել է՝ դատարանը կաշկանդված է, բա քո դերն ինչի՞ համար է։
Լավ, հլը գամ հասնեմ մեկ այլ տեղ։
Հիմա գլուխներդ չթաղեք խորը, իբր ոչ լսել եք, ոչ տեսել եք, ոչ էլ գիտեք, քանի որ ազատ պայմաններում շատերդ եք խոսքով գնահատել իմ գործունեությունը և հիացել, թե որքան ինքնամոռաց եմ նվիրվում էս երկրին ու պետությանը, որը նաև քոնն է, քո հայրենիքն է։
Բա էդ երկրին նվիրումս մենակ բաժակով չի եղել ու չէ։ Բա դա նաև, առաջին հերթին, էն իմ դժվարությամբ աշխատած դրամներով է, որը այդպես էլ ինձ համար չունեցավ արժեք, բացի բազմահազարանոց մարդկանց «գոհունակ հաջողությունը»…
Բա այսօր ձեր բաժակաճառերն ո՞ւր են։ Արդեն էլ չկան, թե՞ դա էն իրական պատկերն էր, որի առաջ հիմա կանգնեցի…
Հիշում եմ` երեխա ժամանակս մեր գյուղում անընդհատ «թասիբ» բառն էի լսում, հետո լսեցի ամենուր՝ բոլոր քաղաքներում ու գյուղերում, ու դա ինձ համար էնքա՜ն կարևոր բառ էր ու է։ Հետո հասկացա, որ էդ բառը հորինել էին իմ և իմ նման մի քանի խենթերի համար, որ էդ բառն ուղղակի արժեք չի արտաբերողների համար, դա միայն կենաց է, զուտ բառ է և ոչ փիլիսոփայություն։
Որ ինձ խաբել են է՜ն սկզբից, որ ես ու իմ նմանները թասիբ ունենանք, որ իրենք լավ ապրեն, ապահով լինեն, որ իրենք վայելեն, իսկ դու, թասիբից ելնելով` միայն և միայնակ պայքարես…
Էդ թասիբն ունեմ, կշարունակեմ պայքարս։
Շնորհակալ եմ նաև էն մարդկանց, որոնք անկեղծ իմ կողքին են ու շարունակում են գոտեպնդել։
Էս մարտում մենակ, թե ինձ հետ ճանապարհ կիսող մարդ գտնեմ, կարևորը՝ թասիբով անցնենք, ոչ թե դատարկ վախերով ու ճիվաղներից կաշկանդված…
Ես չունեմ ոչ մի կաշկանդվածություն որևէ քաղաքական գործչի հանդեպ՝ ոչ բարոյական և ոչ, առավել ևս, ֆինանսական։
Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է… Ավելի ուշ կխոսեմ այս մասին, բայց խնդրում եմ, մարդիկ, չվախենա´ք անգամ, երբ մենակ եք մնալու ձեր «դարդի» ու ցավի հետ։ Երանի իմ դարդը լիներ էս դատը, բայց դարդս երկիրս է, որ շան բերան առած բզկտվում է:
Պայքարեք, որ երկիր ունենանք։
Առավոտ կանուխ մտքերով արթնացած ու անկեղծ զգացումներով տեքստ։
Ես դեռ միայն 10 դրամանոց տարան եմ հավաքում, որ պաստառ պատվիրեմ, երբ դատարանը գումար սահմանի, թեև հույս ունեմ՝ դա չեն անի, քանզի ամիսներով խայտառակ եմ անելու այդ գումարը հավաքելով և «անկաշկանդ նիկոլի» հաշվին փոխանցելով:
Կներեք։ Բարի հանգստյան օրեր բոլորիդ»։