«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։
Մամեդովը նշել է, թե երկու երկրները շարունակում են աշխատանքը երկկողմ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացում կարևոր ուղղություններից է TRIPP երթուղին, որի շրջանակում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, զգալի առաջընթաց է գրանցվել։
Նա հայտնել է, որ երթուղու շրջանակում նախատեսված ավտոճանապարհի 95%-ը և երկաթուղու 75%-ն արդեն կառուցվել է։ Նրա խոսքով՝ երկու ենթակառուցվածքների շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա առաջին կեսին, իսկ Հայաստանում արդեն իրականացվում են ինժեներական աշխատանքներ։