Հայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ
Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ ժամը 20:00-ին, Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն: Լատվիական հեղինակավոր Sporta centrs մարզական պարբերականն ընդարձակ հոդվածով անդրադարձել է առաջիկա դիմակայությանը՝ վերլուծելով թիմերի նախապատմությունն ու ներկայիս իրավիճակը:
Իտալացի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն հավաքական է հրավիրել մի քանի հավանական նորեկների, որոնցից ամենահնչեղ անունը Դենիս Ցիրկինն է։ 24-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Իռլանդիայում և կարիերայի մեծ մասն անցկացրել է Անգլիայում (նախորդ տարի «Սանդերլենդի» կազմում նույնիսկ նորամուտը նշելով Պրեմիեր լիգայում), սակայն ունի լատվիական արմատներ: Ներկայումս նա հանդես է գալիս անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Քուինզ Պարկ Ռեյնջերսում»: Ակումբի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում Ցիրկինը հավաքականին կօգնի միայն առաջին երկու հանդիպումներում՝ Հայաստանի և Կիպրոսի դեմ: Միևնույն ժամանակ թիմին չի միացել առանցքային խաղացողներից Յանիս Իկաունիեկսը, ով վնասվածք է ստացել ՌՖՍ-ի մարզման ժամանակ:
Հոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձրել Սպերցյանի ակումբային կարիերայի նոր շրջադարձին՝ նշելով, որ այս ամռանը նա 4-ամյա պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Ահլիի» հետ, որտեղ նրա թիմակիցներն են լոնդոնյան «Չելսիի» նախկին դարպասապահ Էդուար Մենդին և Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուներից Այվան Տոունին:
Բացի այդ, հոդվածում անդրադարձ կա հայկական ակումբային ֆուտբոլին. «Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը ներկայացնում են տեղական ակումբները, այդ թվում՝ «Արարատ-Արմենիան», որն այս ամռանը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում պայքարից դուրս թողեց «Ռիգային» և հետագայում հասավ մինչև Եվրոպա լիգայի հիմնական փուլ»։
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 106-րդ, իսկ Լատվիան՝ 137-րդ հորիզոնականը:
Աղբյուրը՝ Armsport.am: