Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր զինծառայողների աշխատավարձը հարկերի և այլ պարտադիր վճարների պահումից հետո միջինում կավելանա 22,8 տոկոսով։
Համապատասխան փոփոխությունները նախատեսված են մի շարք օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով, որը քննարկվում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի հանձնաժողովում։
Առաջարկվում է նաև փոփոխել զինծառայողների կենսաթոշակային ապահովման համակարգը։ Զինծառայողներին կենսաթոշակ կնշանակվի՝ դրան ավելացնելով ամենամսյա կենսաթոշակային հավելավճար՝ սահմանված հաստատագրված չափով։
Յուրաքանչյուր զինվորական կոչման համար ծառայության մեջ գտնվելու առավելագույն տարիքը կսահմանվի որպես համապատասխան կոչման համար նախատեսված կենսաթոշակային տարիք։