Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,
Այս ամենն արտահայտում է այն լավատեսությունը, որ 2025 թվականի օգոստոսի 8–ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովից հետո հաստատված է մեր տարածաշրջանում եւ Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը վերահաստատեցին այս տարվա հունիսի 7–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որտեղ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն։
Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, եւ արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել եւ իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային եւ այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաեւ զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրեցին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը եւ Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։
Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, եւ մենք պետք է հետեւողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ եւ ինստիտուցիոնալացմամբ։