ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները, որոնք նախատեսում են չեղարկել Եվրամիություն հայկական արտահանման մոտ 80 տոկոսի համար ներմուծման մաքսատուրքերը։
Այս մասին հաղորդվում է խորհրդի պաշտոնական կայքում։
Միջոցներն ուղղված են Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանը աջակցելուն և կգործեն երկու տարի։
Նոր ռեժիմի շրջանակում կկասեցվեն հայկական ապրանքների լայն տեսականու նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների համար։
ԵՄ խորհրդում նշել են, որ միջոցները կնպաստեն Հայաստանից Եվրամիություն առևտրային հոսքերի պահպանմանն ու ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակներին համապատասխան։
Միաժամանակ նախատեսվում են որոշակի պայմաններ և ԵՄ շուկայի պաշտպանության միջոցներ այն դեպքերի համար, երբ ներմուծումը բացասաբար կանդրադառնա եվրոպացի արտադրողների վրա։
Վերջնական որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը լիագումար նիստում առանց փոփոխությունների հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին։
Այժմ կանոնակարգը պետք է ստորագրվի և հրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը և կկիրառվի երկու տարի։