Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել սեպտեմբերի 6–ին. Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ճաշը վրան թափվելու հետևանքով «ջերմային այրվածք 2-3 աստիճանի այրվածքներով» բուժօգնության են տեղափոխել մի երեխայի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հիվանդանոցում պարզվել է, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Ս․-ն է։ Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Վ․ Ս․-ի 37-ամյա մայրիկի կողմից իրենց բակում գազաբալոնի վրա կաթսայով ապուր եփելու ժամանակ երեխան մոտեցել, քաշել է, կաթսան շրջվել է, և ապուրը թափվել է նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վերը նշված այրվածքները։
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։