Ինչո՞ւ են «ԳԱՐԴԻԱՆ»-ի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Հայաստանի մասնավոր պահնորդական ծառայությունների շուկայում հնարավոր խտրականության վերաբերյալ ահազանգ է հասել NEWSPRESS.am-ի խմբագրությանը։
Մեր աղբյուրը, որը ոլորտին մոտ կանգնած անձ է և խնդրել է չհրապարակել իր անունը, պնդում է, որ մասնավոր այլ ընկերությունների պահնորդներ չեն կարողանում աշխատանքի ընդունվել, քանի որ պահնորդական շուկայում «Գարդիան» անվտանգության ծառայությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնում:
Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, աշխատանքի անցնելու նպատակով զենք կրելու իրավունքի համար անհրաժեշտ քննությունների ժամանակ «աջ ու ձախ» կտրում են:
«Մարդիկ գնում են պահնորդական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար, զենքի մասով քննություն պետք է տան։ Բայց եթե մարդը գնում է ոչ թե «Գարդիան»-ից, այլ մեկ այլ ընկերությունից՝ աջ ու ձախ կտրում են»,- փոխանցում է աղբյուրը։
Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, որ «Գարդիան»-ի պահնորդներից բացի, այլ ընկերությունների պահնորդներ, դժվարանում են համալրել զենք կրելու համապատասխան իրավունք ունեցող աշխատակիցների կազմը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործընթացի հետևում կանգնած է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը, ով ճնշումներ է գործադրում մյուս ընկերությունների նկատմամբ:
Աղբյուրը պնդում է, որ Կարեն Խաչատրյանի անունը կապված է «Գարդիան»-ի հետ:
«Կարեն Խաչատրյանն անմիջական ազդեցություն ունի քննությունների գործընթացի վրա»,-վստահեցնում է մեր զրուցակիցը։
NEWSPRESS.am-ն իր նախնական ուսումնասիրությամբ չի գտել հրապարակային փաստաթուղթ, որը կհաստատի Կարեն Խաչատրյանի սեփականության, աշխատանքի կամ այլ ուղղակի կապը՝ «Գարդիան» ընկերության հետ։
«Գարդիան»-ի տնօրենը, բաց աղբյուրների համաձայն, Արամ Վաչագանի Գևորգյանն է։
Միևնույն ժամանակ, այս խնդրով իրենց դժգոհություններն են հայտնել այլ պահնորդական ընկերություններից մարդիկ, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:
Ամեն դեպքում, եթե սա իրողություն է, ապա այն անուն ունի՝ պետական լիազորությունների չարաշահում, որը կոռուպցիայի դրսևորում է:
NEWSPRESS.am-ը պատրաստ է ներկայացնել ինչպես Կարեն Խաչատրյանի, այնպես էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և «Գարդիան» ընկերության դիրքորոշումները։
Խմբագրությունը շարունակելու է ուսումնասիրությունը։
Արմինե Մկրտումյան