Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներին
Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում անօդաչու թռչող սարքերի արձակման և պահեստավորման 10 վայրերի, հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը։
Նախարարը Աֆղանստանին մեղադրել է Պակիստանի ինքնիշխանությունը խախտելու մեջ՝ սեպտեմբերի 23-ին Աֆղանստանի տարածքից անօդաչու թռչող սարքերի արձակման պատճառով։
«Պակիստանը ճշգրիտ օդային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող 10 վայրերի, որոնք օգտագործվում էին այդ անօդաչու սարքերի արձակման և պահեստավորման համար», — ասվում է նախարարի՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրությունում։
Ավելի վաղ Tolonews-ը հայտնել էր, որ Պակիստանի զինված ուժերը հարձակվել են Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահար քաղաքի վրա։ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածը հասցվել է քաղաքի անապատային հատվածին, և դրա հետևանքով վնասներ չեն գրանցվել։