Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Արտաշատի Դալար գյուղում մոտ 2 ամիս առաջ դեպք է տեղի է ունեցել: NEWSPRESS.am-ի տեղեկություններով` վրաերթի է ենթարկվել տեղի բնակչուհի Սուսաննա Հարությունյանը՝ իր 6-ամյա որդու՝ Գոռի հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկողն Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակից է՝ կապիտան Գրիգոր Թադևոսյանը: Բայց նա ոչ թե օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված մորն ու անչափահաս երեխային, այլ պարզապես դիմել է փախուստի:
Դեպքի մանրամասները ճշտելու համար կապ հաստատեցինք Դալարի համայնքապետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Նա սկզբում չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը՝ պատճառաբանելով, թե տեղյակ չէ դեպքի մասին:
Ներկայացնում ենք զրույցն ամբողջությամբ:
-Այսինքն, ուզում եք ասել Ձեր գյուղում վրաերթի դեպք է տեղի ունեցել և Դուք տեղյակ չե՞ք:
-Հա, ես տեղյակ չեմ:
-Իսկ ճանաչո՞ւմ եք այդ ընտանիքին, Սուսաննա Հարությունյանին:
-Անձամբ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ տենց բնակիչ ունենք:
-Լսե՞լ եք նրա մասին:
-Այո:
-Լավ, իսկ եթե դեպքի մասին տեղյակ չեք եղել, հետո էլ չե՞ք լսել, որ վրաերթ է եղել:
-Էստեղից-էնտեղից լսել եմ, որ դեպք է եղել, բայց մանրամասները չգիտեմ՝ ով է եղել, ինչն է եղել:
-Իսկ Ձեզ հետաքրքիր չի՞ եղել պարզ, թե ինչ է տեղի ունեցել:
-Հա, հետո ես իմացել եմ, որ երեխան նորմալ է, մայրը դուրս է գրվել. հենց երեկ եմ իմացել իր հորեղբորից, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, ոչ մեկը մյուսի հետ պարտք-պահանջ չունի:
-Այսինքն՝ արդեն նաև գիտեք, ասել ենմ չէ՞, ով է վրաերթի ենթարկել:
-Դե էնա Դուք ասեցիք, ես տենց էլ լսել էի:
-Սկզբից ասացիք՝ ընդհանրապես տեղյակ չեք, բայց պարզվում է՝ տեղյակ եք դեպքի մասին:
-Դե հետո ասացի, որ էդ ամենը լսել եմ։
-Լավ, ասում եք՝ կողմերը պարտք-պահանջ չունեն միմյանց նկատմամբ:
Այո, այո:
-Դուք ճշտե՞լ եք, Սուսաննա Հարությունյանն իսկապե՞ս պարտք-պահանջ չունի:
-Ես իրավաբան չեմ, որ ճշտեմ, ես գյուղի վարչական ղեկավարն եմ:
-Հասկանում եմ, բայց ասացիք, որ տուժողի բարեկամի հետ եք խոսել, հարցրե՞լ եք՝ իսկապես ամեն ինչ կարգի՞ն է:
-Չէ, չկա, ոչ մի պարտք-պահանջ չունեն:
-Լավ, որպես համայնքի ղեկավար, մի հարց տամ Ձեզ. առհասարակ, ի՞նչ եք կարծում...
-Հիմա ես ինտերվյո՞ւ եմ տալիս, քուրիկ ջան:
-Այո: Ու ի՞նչ եք կարծում, անկախ նրանից պարտք-պահանջ ունեն, թե ոչ, վրաերթի համար մեղավորը պատիժ չպե՞տք է կրի:
-Ինչպիսի՞ պարտք-պահանջի մասին է խոսքը, որ ես տեղյակ չեմ:
-Անկախ նրանից տուժողը պահանջ ունի, թե ոչ...
-Չէ, ամեն ինչ լավ է, երեխան ապաքինվում է, մայրն էլ դուրս է գրվել: Ես չգիտեմ, ես իրավաբան չեմ ու ոչ էլ դատավոր եմ: Ցտեսություն:
Դեպքի մասին ոստիկանությունում տեղյակ չէին: Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, երբ կա վիրավոր կամ զոհ, Քննչական կոմիտեում անմիջապես նախաձեռնվում է քրեական վարույթ: Այս դեպքում արդեն ամեն ինչ քննիչի ձեռքին է: Եթե ապացուցվի ոստիկանի մեղավորությունը, ապա պետք է մեղադրանք առաջադրվի և կասեցվի նրա գործունեությունը:
Քննչական կոմիտեից մեզ խոստացան 5 օրյա ժամկետում պատասխանել՝ դեպքի առնչությամբ նախաձեռնվե՞լ է արդյոք քրեական վարույթ, թե՞ ոչ:
Արմինե Մկրտումյան