Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
Իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան սեպտեմբերի 22-ից դադարեցվել են՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթի ֆոնին, որը մասնավորապես անդրադառնում է ավիացիոն ոլորտին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես «Ազերթաջ»-ին հայտնել են «Ադրբեջան Հավա Յոլլարը» ՓԲԸ-ում (AZAL), թռիչքների դադարեցման որոշումն ընդունվել է ամերիկյան նոր սահմանափակումների կապակցությամբ։
Այսպիսով, այսօրվանից իրանական ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցնում են դեպի Ադրբեջան թռիչքների իրականացումը։
ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը հայտարարվել էր սեպտեմբերի 8-ին։ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտնել էր Իրանի ավիացիոն ոլորտին առնչվող 36 անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցների մասին։ Վաշինգտոնը հայտարարել էր, որ միջոցառումներն ուղղված են այն կառույցների դեմ, որոնք ապահովում են իրանական ավիացիայի գործունեությունը։
Նախօրեին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերությունները միջազգային թռիչքներ իրականացնելիս կբախվեն լուրջ սահմանափակումների․ օտարերկրյա օդանավակայանները, վառելիքի մատակարարները և մյուս ընկերությունները, որոնք սպասարկում են նման փոխադրողներին, վտանգում են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։
Միաժամանակ, ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Iran Air-ը հայտարարել էր, որ Բաքու, Ստամբուլ և Նաջաֆ չվերթների դադարեցման վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ չէր ստացել։