Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում անցկացված «Բազմակողմ գործընկերության գագաթնաժողովում» հայտարարել է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների մասին։
Կոբախիձեն նշել է, որ տարածաշրջանը զգալի փոփոխությունների փուլում է, իսկ նրա տնտեսական և ռազմավարական ներուժի նկատմամբ ուշադրությունն ավելի ու ավելի է մեծանում։
«Այսօր տարածաշրջանային համագործակցության համար ավելի լայն հնարավորություններ կան։ Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը և կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը և տնտեսական զարգացումը», — հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Նա ընդգծել է, որ նույն տարածաշրջանի երկրները անվտանգության և տնտեսության ոլորտներում բախվում են ընդհանուր մարտահրավերների, իսկ ավելի սերտ համագործակցությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ արձագանքել դրանց։
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ Վրաստանը հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք անհրաժեշտ են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և բարեկեցության հասնելու համար։