Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Կիրակի օրն ավարտվեց հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումների ժամկետը, եւ տխուր պատկեր է գրանցվել հատկապես Սյունիքում: Այստեղ երկու համայնքում՝ Գորիսում եւ Մեղրիում, համայնքի ղեկավարի ընտրությունները կանցնեն, կարելի է ասել, առանց մրցակցության։ Սրանում, բնականաբար, մեծ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանության դերակատարումը, որոնք ընտրվելուց ի վեր հնարավոր եւ անհնար միջոցներն օգտագործել են ընդդիմադիր հասկացողությունը վերացնելու համար` ընտրված համայնքապետեր են կալանավորել, հետապնդել, ճնշել ընդդիմության թեկնածուներին, ոմանց հետ գործարքի գնացել, ՏԻՄ օրենքն են քանիցս փոխել, նաեւ՝ ոտնահարել, տեղերում յուրայիններին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելով եւ այլն, այլեւ իրենց երբեմն ընդդիմադիր հռչակածներին են հնազանդեցրել:
Երբեմնի արմատական ընդդիմադիրները, որոնք հայհոյում էին Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, խրոխտ հարցազրույցներ էին տալիս, ինչ-ինչ պատճառներով նահանջեցին պայքարից եւ անցան իշխանության թրի տակով։ Դրանում, իհարկե, իր մեծ դերակատարումն ունեցավ Սյունիքի մարզպետը` կալավանցի Ռոբերտը, որն ընդդիմադիր գործիչների հետ այնքան կերուխումերի մասնակցեց, որ նրանց ներշնչեց, թե իշխանությունն ինքն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, եւ համայնքապետերը, այլ ընդդիմադիրներ կոտրվեցին, զիջեցին ու իշխանության հետ «սիլիբիլիների» դաշտ մտան, ընթացքում էլ տեսան, որ դա շատ ձեռնտու վարքագիծ է։ Ճիշտ է` որոշ շրջանակներ իրենց քննադատում եւ հայհոյում են, բայց իշխանական լինելը շահեկան է` տենդերներ են շահում, քրեական պատժից ու բանտից են խուսափում, փող են աշխատում, պաշտոնն են պահպանում:
Փաստն այն է, որ այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ ամենաթեժ կետում՝ Սյունիքում, որն աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետ է դարձել, ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են առանց ուժեղ ընդդիմադիր թեկնածուների։
Գորիս համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու է երկու դաշինք։ Մեկը «Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցությունների միավորումից ձեւավորված «Համերաշխություն» դաշինքն է, որի ընտրացուցակում 72 թեկնածու է, իսկ ցուցակը գլխավորում է Գորիս համայնքի ղեկավար, անկուսակցական Առուշ Առուշանյանը։ 17 թեկնածու էլ ընդգրկված է «Ապրելու քվե» դաշինքում։ Այս դաշինքը կազմել են «Ապրելու երկիր» ու «Հայկական քվե» կուսակցությունները, այն գլխավորում է Արգամ Հովսեփյանը, որը Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ Հիշենք, որ Գորիս համայնքը խոշորացվել է․ Տաթեւ եւ Տեղ համայնքները վերամիավորվել են Գորիս համայնքին, եւ այս մեծ համայնքում, փաստորեն, խորհրդարանական ուժերից եւ ոչ մեկը թեկնածու չի առաջադրել։
Նույն պատկերն է Մեղրիում։ Այստեղ չորս քաղաքական ուժ է առաջադրվել․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», Գուրգեն Սիմոնյանի ղեկավարած Հայաստանի շնորհապետական կուսակցությունը եւ Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ ՔՊ ցուցակը գլխավորում է երիտասարդ գործարար Սերգո Գալստյանը, որը վերջերս կուսակցություն հիմնելու հայտ էր ներկայացրել, բայց մերժել էին գրանցումը: Օրեր առաջ էլ խոսվում էր, որ նա Առուշի օրինակով, Առուշի կուսակցությամբ` «Գործարար»-ով է դաշինք կազմելու ՔՊ-ի հետ, սակայն առաջադրումներից տեղեկացանք, որ որոշել են թողնել այդ ձեւականությունները, եւ գործարարը ՔՊ-ի գերբն ընդունել ու հենց իշխող կուսակցության քվոտայով է առաջադրվել։
Թե այդ դեպքում ինչու էր ուզում կուսակցություն բացել, հարցի պատասխանը չհաջողվեց գործարար Սերգո Գալստյանից լսել: Իսկ նրան մոտ կանգնած աղբյուրը պարզաբանեց, որ ի սկզբանե Գալստյանը ցանկացել է առաջադրվել, երբ դեռ Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ՔՊ թեկնածուն էր, ուստի Գալստյանին այլ բան չէր մնում, քան սեփական կուսակցությամբ առաջադրվել, որ ընտրություններից հետո կոալիցիա կազմի իշխանության հետ: Հիմա, երբ Անդրեասյանը կալանավորված է, եւ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել իր վրա, այլեւս կարիք չկա ավելորդ ձեւականությունների ետեւից ընկնելու, եւ որոշել է հրաժարվել կուսակցություն գրանցելու բարդ ուղուց եւ մտնել ՔՊ շարքերն ու ՔՊ-ի կողմից մասնակցել։