Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա Սահակյան
Այսօր Թալինի խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նշվեց եկեղեցու օծման առաջին տարեդարձը, որը համընկավ նաև Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի օրվա հետ:
Այս տոնական ու խորհրդանշական օրը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի բարեջան Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի հայրական օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից Արագածավան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի բերվեց Տիրոջ Կենարար Սուրբ Խաչի մասունքը՝ հավատացյալ ժողովրդին հնարավորություն ընձեռելով հաղորդվել Սուրբ Մասունքին։
Օրվա առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Օրվա Պատարագիչն էր՝ Թալինի խոշորացված համայնքի հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը:
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու բակում կատարվեց Հանրապետական մաղթանք․ քահանա հայրերը միասնական աղոթք բարձրացրին առ Աստված մեր հայրենիքի հարատևության և անսասանության համար։
Օրվա խորհուրդը նաև առիթ դարձավ կրկին աղոթելու հայրենիքի փրկության համար նահատակված մեր հայորդիների հիշատակի համար։
Թող Տիրոջ Կենարար Սուրբ Խաչի ճառագող լույսը սփռվի բոլորիս վրա՝ զորացնելով հավատքը և իմաստություն պարգևելով մեր հայրենաշեն ու եկեղեցաշեն բոլոր գործերին: