Ճապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արել
Ճապոնիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տարհանման կարգադրությունը վերաբերում է 1 միլիոն 908 հազար 645 մարդու վեց՝ Իբարակի, Չիբա, Տոկիո, Կանագավա, Սիձուոկա և Սայտամա պրեֆեկտուրաներում։
Տարհանումը պարտադիր չէ, սակայն Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացնում է որոշ շրջաններում կյանքին սպառնացող անմիջական վտանգի մասին, հաղորդում է BBC-ն։
«Խնդրում ենք ստուգել աղետի ռիսկի մակարդակը այն մունիցիպալիտետում, որտեղ այժմ գտնվում եք, և տարհանվել մինչև տեղական իշխանությունները կարձակեն տարհանման պաշտոնական հրամանը»,- կոչ է արել գործակալության գլխավոր օդերևութաբան Տակույա Հոսոմին։ Ըստ նրա՝ թայֆունն ավելի ուժեղ է եղել, քան սպասվում էր։