Հայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համար
Հանդիպման մեկնարկին նախարար Գևորգ Պապոյանը Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը շնորհավորել է Անուշիկ Ավետյանին՝ նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և համագործակցել նոր թիմի հետ։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են առողջապահության և զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը՝ Հայաստանը միջազգային շուկայում որպես բժշկական զբոսաշրջության գրավիչ ուղղություն ներկայացնելու և ոլորտի զարգացման ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակով։
Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը տեղեկացրել է, որ Հայաստանին կառաջարկվի 100 կրթաթոշակ՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համար՝ ոլորտի մասնագետների գիտելիքների և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
Քննարկվել են նաև կայուն զբոսաշրջության զարգացման, միջազգային հարթակների միջոցով Հայաստանի զբոսաշրջային ներուժի առավել լայն ներկայացման և կազմակերպության կողմից տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։