Հալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել
Սիրիայի Հալեպ նահանգի հարավում՝ Ալ-Այս բնակավայրի շրջանում գտնվող սիրիական բանակի օբյեկտներից մեկի տարածքում տեղակայված զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել։
Օբյեկտում տեղի ունեցած առաջին հզոր պայթյունից հետո հաջորդել են մի շարք այլ պայթյուններ։ Տեղական աղբյուրների տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Սիրիայի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստում։
Շարունակվող պայթյունները խոչընդոտում են փրկարարական և հրշեջ խմբերի մուտքը դեպքի վայր։ Քաղաքացիներին կոչ է արվել չմոտենալ պայթյունների տարածքին՝ պահպանվող վտանգի պատճառով։
Դեպքի պատճառների, ինչպես նաև զոհերի և տուժածների թվի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել։ Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ պայթյունները սկսվել են զինամթերքի պահեստի ռմբակոծումից հետո: