Իրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակ
Իրանը դիտարկում է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնելու հնարավորությունը, հայտնում է Tasnim-ը։
Գործող ժամանակացույցի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2028 թվականի մարտին, իսկ նախագահականը՝ ընդամենը ամիսներ անց՝ հունիսին կամ հուլիսին։ ՆԳՆ-ում նպատակահարմար չեն համարում ընդամենը 2-3 ամսվա միջակայքով համապետական երկու քվեարկություն անցկացնելը։ Դրանք համատեղելու հնարավորությունը գերատեսչությունը քննարկում էր դեռևս հունիսին։
Զեյնիվանդը նշել է, որ խմբին հաջողվել է ընտրությունների ժամկետների ճշգրտման տարբերակ գտնել՝ առանց խախտելու սահմանադրական այն դրույթները, որոնցով խորհրդարանի և նախագահի լիազորությունների ժամկետը սահմանված է չորս տարի։ Առաջարկվող տարբերակը նախատեսում է նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկը մայիսի վերջին, մինչդեռ նախագահի երդմնակալությունը և օրենքով սահմանված մյուս ընթացակարգերը կանցկացվեն սահմանված ժամկետներում։
Եթե կառավարությունը հավանություն տա օրինագծին, իսկ խորհրդարանն ընդունի այն անհրաժեշտ ընթացակարգերն անցնելուց հետո, ապա պատգամավորական և նախագահական ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ՝ 2028 թվականի մայիսին։
Ընդ որում, խոսքը դեռևս միայն օրացույցի հնարավոր փոփոխության մասին է․ վերջնական որոշումը պետք է անցնի օրենսդրությամբ նախատեսված բոլոր փուլերը։
Հունիսին Զեյնիվանդը նշել է նաև, որ տեղական ընտրությունները չեն կարող անցկացվել խորհրդարանականի հետ միաժամանակ, քանի որ օրենսդիր մարմինն է պատասխանատու դրանց վերահսկողության համար, ուստի համայնքային քվեարկության կազմակերպման համար անհրաժեշտ է պահպանել խորհրդարանի գործող կազմը։