Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի
Ինտերպոլը «Shams II» հակաահաբեկչական գործողության ընթացքում արհեստական բանականության գործիքների օգնությամբ նույնականացրել է 126 օտարերկրյա ահաբեկչի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ինտերպոլի պաշտոնական կայքում։
Իրավապահները ջիհադիստական խմբավորումների հրապարակած տեսանյութերից և այլ տեսողական նյութերից առանձնացրել են 108 հազար 76 դեմքի պատկեր։ Արհեստական բանականությամբ աշխատող համակարգերը օգտագործվել են տվյալների հավաքագրման մի մասը ավտոմատացնելու, կրկնվող պատկերները հեռացնելու և դրանց որակը ստուգելու համար։
Արդյունքում առանձնացվել է 6362 եզակի և բարձրորակ լուսանկար, որոնք մշակվել են Ինտերպոլի դեմքի ճանաչման համակարգով։ Ինտերպոլը շեշտում է, որ ԱԲ-ի ստացած արդյունքները հետագայում ստուգվել են մասնագետների կողմից։
Գործողության ընթացքում կիրառվել են նաև կրիպտոարժույթների հետագծման գործիքներ՝ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր հոսքերը բացահայտելու համար։