Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ Զաքարյան
Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան։
Երեք տարի առաջ, այս օրերին, երկարատև շրջափակումից ու հյուծումից հետո, թուրքական աշխարհի առջև միայնակ մնացած Արցախի դեմ, Ադրբեջանն իրականացրեց ռազմական ահաբեկչական ակտ: Չնայած ռուս խաղաղապահների նոմինալ (ֆորմալ) ներկայության՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագորեն վերածվեց ամբողջ բնակչության ցեղասպանական վտանգի: Ակնհայտ էր, որ շուրջ 100 հազար խաղաղ բնակիչներ կամ պետք է սպանվեին կամ բռնի կերպով տեղահանվեին:
Հայաստանի ու մնացյալ աշխարհի քաղաքական ղեկավարությունը, դարի ողբերգություն հիշեցնող այս աղետին հետևում էին «հեռադիտակով»՝ թատերասեր հանդիսատեսի ջանասիրությամբ: Արտաքին աջակցությամբ իրականացված թավշյա իշխանափոխության գլխավոր նպատակներից մեկը, կարծես թե իրականանում էր հենց այդ օրերին՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:
Պատահական չէին նաև 44-օրյա պատերազմից, Արցախի բնակչության բռնի տեղահանություններից ու էթնիկ զտումներից հետո, միջազգային (այդ թվում Եվրոպական) տարբեր լիդերների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղղերձները: Այն դեպքում, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ բռնի տեղահանումը համարվում է մարդկության դեմ իրագործված հանցագործություն:
Ինչպես միշտ, աշխարհի քաղաքական շրջանակները թքած ունեն հայ ժողովրդի կրած տանջանքների և ողբերգության վրա, քանի որ իրենք ունեն իրենց շահեր: Այն է՝ հանուն գազի, նավթի ու ՌԴ-ն շրջանցող կոմունիկացիաների՝ սիրաշահել Բաքվին, օգտվելով 2022թ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Երևանի աննախադեպ «նվերից»:
Արևմուտք սիրողների և Ռուսաստան ատողների, ինչպես նաև Ռուսաստանին կուրորեն վստահողների «համատեղ ջանքերով», անգիտակից կերպով, անտեսվեց հայկական շահն ու Արցախը զոհաբերվեց բացառապես հանուն օտար շահերի:
Թուրք-ադրբեջանական կողմերը կարողացան վարպետորեն օգտվել 2018թ-ից Հայաստանի ներքին կյանքում, տարածաշրջանում և աշխարհում զուգահեռաբեր ստեղծված նպաստավոր իրավիճակներից և առավելագույն օգուտ քաղեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության, քաղաքական ուժերի, ինչպես նաև հավաքական հայ ժողովրդի տեսանելի ու անտեսանելի սխալներից:
Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, հետևություններ չանենք՝ մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը:
Իսկ, երբ մինչև վերջին դետալը հասկանանք մեզ հետ կատարված իրողությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, յուրաքանչյուրիս դերն ու նշանակությունը՝ վստահաբար կվերականգնենք Հայաստանի Հանրապետության ամուր դիրքերը: Չի բացառվում նաև, որ մենք որպես պետություն, կարողանանք օգտվել ապագայում ստեղծվելիք նպաստավոր իրավիճակներից, ու մի գեղեցիկ օր կրկին բացենք Արցախի դռները»,- գրել է նա: