Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժություններն անցկացվել են Ղազախստանի զինված ուժերի «Բատիլ Տոյտարիս-2026» («Վճռական հակահարված-2026») ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հետ միասնական մտահղացմամբ և ծրագրով։
Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել ռազմական կառավարման մարմինների փոխգործակցվածությունը և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հավաքական անվտանգության գոտում ռազմական սպառնալիքների դեպքում ՀԱՊԿ հավաքական ուժերի մարտական ներուժը։
Մասադիկովի խոսքով՝ զորավարժություններն անցկացվել են միջազգային իրավիճակի սրման պայմաններում, ինչը պահանջում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմների մշակում։
Զորավարժությունների ընթացքում մշակվել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման, ինչպես նաև Ղազախստանի զինված ուժերի և այլ զորքերի հետ համատեղ գործողությունների կազմակերպման ու փոխգործակցության հարցերը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորավարժությունների մասնակիցները ցուցաբերել են բարձր մասնագիտական պատրաստվածություն և դաշտային վարժվածություն, իսկ բոլոր առաջադրված խնդիրները կատարվել են ժամանակին և ամբողջությամբ։
Մասադիկովը նաև նշել է, որ զորավարժությունները ցույց են տվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության պատրաստվածության բարձր մակարդակը և հրամանատարների ու շտաբների համակարգված աշխատանքը։