Պեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկությունները
Ռուսաստանում մինչև 2026 թվականի վերջը 300 հազար մարդու մոբիլիզացնելու ծրագրեր չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նման տեղեկությունները։
Պեսկովը հերքել է Bloomberg-ի հրապարակումը, ըստ որի՝ Ռուսաստանում քննարկվում է մինչև տարեվերջ ևս 300 հազար մարդու զորակոչելու հարցը։ «Ոչ, նման ծրագրեր չկան»,– ասել է նա։
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել էր, որ ներկայում չկա այնպիսի սցենար, որը կպահանջեր մոբիլիզացիա։ Նրա խոսքով՝ զինծառայողները ծառայության են անցնում կամավորության սկզբունքով և պայմանագրեր են կնքում։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա, քանի որ զինված ուժերի համալրումն իրականացվում է պայմանագրային զինծառայողների հաշվին։ Նրա տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել շուրջ 200 հազար մարդ, ևս մոտ 16 հազարը որպես կամավոր մեկնել է մարտական գործողությունների գոտի։