Ղարաբաղի ստատուս քվոն երկու կողմերին էլ ձեռնտու է. քաղաքագետ
Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար ռուսական կողմը կարգավորման տարբերակ ունի, ըստ այդմ՝ պետք է Ադրբեջանին վերադարձնել տարածքների մի մասը, կոնֆլիկտի գոտում խաղաղապահներ տեղակայել, ապահովել փախստականների վերադարձ ու Ղարաբաղի լեգիտիմացում, ինչպես նաև նախատեսվում է հանրաքվեի անցկացումը:
Ռուսական կողմի այս տարբերակի վերաբերյալ Newspress.am-ի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն է:
Քաղաքագետը նախ անդրադարձավ փախստականների խնդրին, նշեց, որ ադրբեջանցի փախստականներ չկան, կան հայ փախստականներ, իսկ տարածքների վերադարձնելու առումով, շեշտեց, որ նախ պետք է տարածքների հարցը լուծելուց առաջ անդրադառնալ դրա իրավական հիմքերին. դրանք շատ կարևոր են, քանի որ «մենք գրավյալ տարածքներ չունենք, այլ ադրբեջանական կողմն ունի գրավյալ տարածքներ»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի լեգիտիմացման ձևակերպմանը, ապա Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ դա անհասկանալի ձևակերպում է. ճանաչում բառը փոխարնվել է լեգիտիմացում բառով, սակայն Ղարաբաղը լեգիտիմ է, և լեգիտիմ քայլեր է անում, այլ հարց, որ դա Ադրբեջանը չի ընդունում. միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղը ոչ մի լեգիտիմ քայլ չի կատարել:
«Ղարաբաղյան խնդրի լուծումը հենց այսօրվա ստատուսի պահպանման մեջ է, ոչ թե այն փոխելու, եթե փոխեն, ապա դա կապված է պատերազմական գործողությունների հրահրման հետ»,- ասաց նա, հավելելով, որ ստատուս քվոն պետք է պահպանել ինչքան հնարավոր է երկար:
Բացի այդ, ըստ քաղաքագետի, եթե դրվի գրավյալ տարածքների հարցը, ապա Ադրբեջանը Նախիջևանն է զավթել, նաև եթե քննարկվի իրավական հիմքերի հարցը, ապա ստատուս քվոն Ադրբեջանի համար ձեռնտու է:
Իսկ թե ինչու այդ դեպքում նախահարձակ եղավ ապրիլի մեկի գիշերը Ա. Մանասյանը նշեց, որ Ղարաբաղյան խնդիրը իրավական հարթության մեջ չէ, այլ քաղաքական և դիվանագիտական հնարամտություններ են պետք դրանք իրականացնելու համար: