Եվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկել
Եվրամիությունը (ԵՄ) հետագայում կարող է Հայաստանից պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկել՝ հաշվի առնելով Երևանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը մերձենալու գործընթացը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
«Առայժմ չեմ ակնկալում, որ այս դեպքում ԵՄ-ն Հայաստանից Ռուսաստանի դեմ գործողություններ կպահանջի։ Սակայն չեմ կասկածում, որ ապագայում Հայաստանից նման միջոցներ կպահանջեն՝ հաշվի առնելով, որ երկիրը, ընդհանուր առմամբ, պարտավորություն է ստանձնել մերձենալու ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը։ Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա դիմակայել նման ճնշմանը, քանի որ դա չի բխում նրա շահերից», — ասել է պատգամավորը։
Սեպտեմբերի 15-ին Եվրախորհարանը պետք է քննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման հարցը։ Նախաձեռնությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել ԵՄ երկրներ հայկական արտահանման զգալի մասի համար սահմանվող մաքսատուրքերը։ Միևնույն ժամանակ, Երևանը պետք է կատարի Բրյուսելի պայմանները, այդ թվում՝ հաստատի ապրանքների ծագումը և համագործակցի եվրոպական մաքսային մարմինների հետ։