«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն Մխիթարյան
ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին այսօր դուրս չեկավ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը խնդրեց պարզաբանել, թե Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության՝ հրապարակում գտնվող «գեղեցիկ հատվածն ի՞նչ ճանապարհով ո՞ւմ է անցել»։
Բաղդասարյանը Մխիթարյանին հորդորեց այս մասով հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն։
«Նույնիսկ պահանջում եմ, հակառակ դեպքում, կներեք, չեմ կարող ձեզ հարգել։ Թող սկսվի քրեական գործ, որովհետև այդ գործով դուք դատվելու եք սուտ մատնության համար, ես ձեզ դա վստահեցնում եմ»,- ասաց ՔՊ-ականը։
Ռուբեն Մխիթարյանն էլ ընդգծեց. «Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք «Ցայգ» հեռուստաընկերության մասին խոսելիս»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ իրենք կորոշեն, թե տվյալ հարցով ուր և երբ դիմել: