Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային
Հյուսիսային Եմենը վերահսկող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Համիս Մուշայթ քաղաքում թագավոր Խալեդի անվան ավիաբազային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Եմենի ռմբակոծությունների։
«Մենք լայնածավալ ռազմական գործողություն ենք իրականացրել Համիս Մուշայթում գտնվող թագավոր Խալեդի անվան ավիաբազայի ուղղությամբ։ Հարվածները եղել են ճշգրիտ և զգալի վնաս են հասցրել», — Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ հութիների զինված ուժերը հարվածներ են հասցրել ավիացիոն տեխնիկայի անգարներին, ռադարներին, թռիչքուղիներին և ավիաբազայի զինամթերքի պահեստներին՝ կիրառելով տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։