Այս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր Հակոբյան
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են.
- Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը (ողջույն հայասեր պարոն Մակրոն),
- Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը (Թրամփից պահանջելիք չկա),
- Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն (տիկնայք Ուրսուլա և Կայա Կալաս, լա՞վ եք, ադրբեջանա-ռուսական գազն այս ձմեռ կհասնի՞ ձեզ)։
Եվ բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից...
...Ցավալի ցինիզմ է, ցավալի, բայց ցավոք՝ բացատրելի: Շահեր են՝ իրենց երկրի շահերը, երբ քո երկրի շահերը ստորադասվում են դրանց: Քո երկրի շահը ծախում են Ալիևին և ստանում են իրենց շահի բավարարումը: Լավ են անում, քանի որ դու քո երկրի շահը չես ապահովում:
Մի պահ ուզեցի, որ մեր լրագրողները առիթի դեպքում հարց տան այս մարդկանց Արցախի հայերի մասին, հետո... հասկացա, որ իմաստ չունի - գործ է, անում են, դու պետք է այնպես անես, որ քո գործը անեն...
Հ.Գ. 2023 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իրականացվող լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի ավագ տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Քիմը բառացի ասաց.
- Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, հիմա՛։ Հիմա՛։ Այլևս ոչ մի ուշացում (անգլերեն բնօրինակը՝ "Number one: Lachin corridor must be open now. Now. No more delay").
Կես ամիս հետո եղավ Արցախի հայաթափումը...»։