Թմրամիջոցների հայտնաբերման դեպքերն աճում են․ ՆԳ փոխնախարար
«Վերջին շրջանում աճող վիճակագրություն ունենք թմրամիջոցների հայտնաբերումների մասով»,– ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
«Էական հանգամանք է հենց սահմանին առավել մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը։ Վերջին տարիների վիճակագրությունը, եթե նայենք, ապա այն տարեցտարի աճում է։ Սա, ընդհանուր առմամբ, համաշխարհային թրենդ է, և սա կարող ենք նաև իրավապահ համագործակցության առավել լավ լինելու հանգամանքով պայմանավորել։ Այստեղ, օբյեկտիվորեն, լատենտայնության հանգամանք կա։ Չենք կարող ասել՝ թմրամիջոցների հայտնաբերումը լավ աշխատանքի արդյո՞ւնք է, թե՞ ապօրինի շրջանառությունն է շատացել»,– ասաց փոխնախարարը։
Նա նշեց, թե դա կարող են վերագրել նաև ռազմավարության փոփոխությանը։
«Վերջին 2 տարիներին ոստիկանության շեշտադրումը եղել է առավել մեծ քանակությամբ՝ սահմանի վրա հայտնաբերումներին աջակցելը և կանխարգելելը»։