Ռուբեն Վարդանյանի ապօրինի պահման հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդին
Բաքվում գործող AnewZ միջազգային անգլալեզու լրատվականը նոր նյութ է հրապարակել Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին՝ «Մոսկվայից մինչև Կապիտոլիումի բլուր․ Ռուբեն Վարդանյանի շուրջ լոբբիստական ցանցը» վերնագրով:
Ըստ նյութի՝ Ռուբեն Վարդանյանի շուրջ լոբբիստական արշավի գլխավոր պատվիրատուն Ռուբեն Վարդանյանի բարեգործական հիմնադրամն է, որը ֆինանսավորում է «Free Armenian Prisoners» կայքը։ Վերջինս հիմնադրամի հանձնարարությամբ հրապարակում է տարբեր տեղեկություններ և ստորագրահավաքներ։ Արշավում ներգրավված է նաև Perseus Strategies իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթի շահերը։
Նշվում է, որ լոբբիստական գործունեության շրջանակում արշավում ներգրավված անձինք կապ են հաստատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի հետ։ Զուգահեռաբար արշավը առաջ է մղվել նաև միջազգային իրավական մեխանիզմների միջոցով։ Վարդանյանի թիմը դիմել է ՄԱԿ-ի կառույցներին և տարածել հայտարարություններ՝ նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ։
Հեռուստաալիքն իր նյութում նաև ներկայացնում է արշավում ներգրավված որոշ լոբբիստների անունները։ Դրանք են Ջարեդ Գենսերը, Բրայան Տրոնիկը, Զարա Սալմանը և Յումեյ Լինը։ Ընդհանուր առմամբ, նշվում է, որ լոբբիստական փաստաթղթերում արձանագրված է իրավիճակի վրա ազդեցություն գործադրելու ուղղությամբ իրականացված աշխատանքը։
Բացի այդ, նշվում է, որ Վարդանյանն ունի միջազգային կապերի լայն ցանց, որը ձևավորվել է նրա բիզնեսի և բարեգործական գործունեության շնորհիվ։ Եվ այդ կապերն օգտագործվել են Վարդանյանի շուրջ իրականացվող արշավի շրջանակում։