Տնտեսավարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն. ՊԵԿ հիշեցում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսավարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Կարևոր է իմանալ, որ անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակակից հասանելի և արդյունավետ սպասարկման կարևոր մաս։
Մասնավորապես, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի, պետք է հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունումը։
Ինչ պետք է անել
- ունենալ և պատշաճ կիրառել անկանխիկ վճարումների ընդունման համար անհրաժեշտ գործիքները,
- հաճախորդին տալ ազատ ընտրության հնարավորություն՝ կանխիկ, թե անկանխիկ եղանակով վճարելու համար՝ օրենքով նախատեսված դեպքերում,
- չսահմանափակել հաճախորդի կողմից անկանխիկ վճարում կատարելու հնարավորությունը։
Կարևոր է նաև հիշել, որ անկանխիկ վճարումների հասանելիությունը նաև ավելի հարմար և վստահելի սպասարկման հնարավորություն է։ Հարկ վճարողների կողմից այս հնարավորության պատշաճ ապահովումը նպաստում է ինչպես հաճախորդների սպասարկման բարելավմանը, այնպես էլ Հայաստանում ժամանակակից վճարային մշակույթի զարգացմանը։
Միաժամանակ, օրենքով սահմանված պահանջների չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին` համագործակցել և հաճախորդների համար ապահովել անկանխիկ վճարումների հասանելի, պարզ ու հարմար հնարավորություն։