Մարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասին
Ուկրաինայի հարցով հանգստյան օրերին Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունները բովանդակալից էին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կոլումբիա կատարած այցի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս։
Միևնույն ժամանակ, պետքարտուղարը հրաժարվել է բանակցությունները արդյունավետ կամ անարդյունավետ անվանել։
«Երկու կողմերն էլ ունեն շատ կոշտ կարմիր գծեր։ Բայց հանգստյան օրերին թե՛ Կիևում, թե՛ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները բովանդակալից էին, և, հուսով եմ, դրա հիման վրա մենք կկարողանանք առաջ շարժվելու ուղի հարթել՝ եռակողմ բանակցությունները վերսկսելու համար»,– ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան կարող են հայտարարել եռակողմ ձևաչափով բանակցություններ անցկացնելու մասին։
Ռուբիոն նաև ընդգծել է, որ ամերիկյան կողմը հույս ունի առաջիկա շաբաթներին մշակել բանակցությունների վերսկսման և երկու կողմերի համար ընդունելի համաձայնության հնարավոր ձեռքբերման ճանապարհային քարտեզ։