ԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը «չափազանց կարևոր» է Ուկրաինայում խաղաղության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հերթական հեռախոսազրույցը։
Դմիտրիևը անգլերենով գրել է, որ երկու երկրների առաջնորդները նոր զրույց են ունեցել, և «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկխոսությունը շարունակվում է»։
Մեկ այլ գրառմամբ Լունան ընդգծել է․ «Մենք շարունակում ենք աղոթել խաղաղության և դիվանագիտության համար»։ Նա նաև հրապարակել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Կիևում կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսի հատվածի տեսագրության հղումը, որտեղ Քուշները խոսում է Ուկրաինայում կարգավորման հասնելու համար Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության կարևորության մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինի և Թրամփի զրույցը տևել է ուղիղ մեկ ժամ և եղել կառուցողական ու անկեղծ։ Զրույցի առանցքում եղել են Ուկրաինայի կարգավորման հարցերը։
Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների շուրջ։ Ուշակովի խոսքով՝ առաջնորդները ԱՄՆ բանակցողների այցերը «դրական նշանով» են գնահատել, և այդ խողովակով աշխատանքը կշարունակվի։