«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Դանիելյան
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․
«Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, որը ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա, հետևայլն է՝ ինչո՞ւ էր «գեներալ» Սեյրան Սարոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ոչ:
Նորատ Տեր-Գրիգորյանցը մինչև 1992 թվին Հայաստան գալը ողջ Սովետական Միության ցամաքային զորքի գլխավոր շտաբի պետն էր և արցախյան ազատամարտի հաղթանակի ճարտարապետներից մեկը: Սարոյան Սեյրանը ուտող-խմող, ու կերածն էլ ուրացող, կիսագողական, կիսազինվոր, կիսաերաժիշտ, կիսաքաղաքական գործիչ: Էջմիածնում Սարոյանը հազարավոր քվե էր ստանում ու Հայաստանի մակարդակով կարող էր ցանկացած քաղաքական գործչի հետ ոտք գցել իր պոպուլյարությամբ, իսկ Տեր-Գրիգորյանցը հարյուր էլ չէր ստանա:
Հարցս ավելի արդիականացնեմ՝ ինչո՞ւ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը երբեք չի ընտրվի ԱԺ պատգամավոր: Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավոր գիտնականներ, տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, իսկ մենք մեր մեջից ընտրում ենք ամենանողկալի երևույթներին՝ լինի դա համատիրության ղեկավար, համայնքապետ, պատգամավոր, թե վարչապետ:
Ո՞վ ա հայ ժողովրդին ստիպում լսել Արամ կամ Տաթև Ասատրյան, ով ա պարտադրում ցանկացած միջոցառում վերածել գռեհիկ, ցուցամոլ որկրամոլության խրախճանքի: Ո՞վ ա ստիպում չկարդալ գիրք ու ատել կարդացողին: Ո՞վ ա ստիպում չեչենի սանրվածքով ման գալ, բայց չեչենի պես սպորտով չզբաղվել: ԿԳԲ՞-ն, ՑՌՈւ՞-ն, Մոսսադը՞, թուրքը՞, մասսոները՞, նախկինները՞… ո՞վ»: