Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ
Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։
Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։ Առաջարկվում է սահմանափակել նաև չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վերնշյալ կարգավորումները չեն սահմանափակում օրինական խաղային գործունեությունն, այլ ուղղված են բացառապես լիցենզավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը, լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությանն ու հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն՝ ոլորտում առկա ռիսկերի կանխարգելման միջոցով։